ՀՀ–ում երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի բյուջեն կհամալրվի

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել երեխա ունեցող 7137 ընտանիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանում երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 2023 թ․ երրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 450 մլն դրամով։ Նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում։
Ծրագրերի շրջանակում 2023 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։
2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ՝ աջակցություն է ստացել երեխա ունեցող 1685 ընտանիք, որից 236-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով (222 մլն դրամի շրջանակում), 494-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (23 մլն դրամի շրջանակում) և 955 շահառու՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (983 մլն դրամի շրջանակում):
ՀՀ սահմանամերձ բնակավայրերում 550 ընտանիք կկարողանա պետության աջակցությամբ տուն կառուցել
Այս պահի դրությամբ՝ 2023 թվականին վճարվել է 1 մլրդ 228 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել երեխա ունեցող 7137 ընտանիք․ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 4 մլրդ 928 մլն դրամ։
Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։
Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Հիփոթեքային աջակցության տեսակները երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների համար
Երկրորդ ծրագրով հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։
Երրորդ ծրագրով էլ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի։ Այս դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Քաղաքացին դրանք կարող է ներկայացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։