ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իր սլովակ գործընկերոջ` Միրոսլավ Վլախովսկիի հետ և նրան է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նա ընդգծել է 120.000 բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները, որոնք հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ սննդի, դեղորայքի մատակարարումներ չեն իրականացվում նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որի գործունեությունը ևս խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից:
«Միրզոյանը հիշատակել է հուլիսի 29-ին ԼՂ-ից բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգման դեպքը։ Նա ընդգծել է, որ դեպքը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է և ԼՂ բնակչությանն ահաբեկելուն ուղղված անընդունելի քայլ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի գործելաոճը, որը շարունակվում է ի հեճուկս միջազգային գործընկերների բազմաթիվ հասցեական կոչերին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող երկու որոշումներին։ Միրզոյանը նշել է` ԼՂ-ում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է տարվում, և դրա հետագա կանխումը պահանջում է միջազգային դերակատարների առավել խիստ դիրքորոշումներ և գործուն քայլեր:
Շեշտվել է, որ ներկա իրավիճակում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հրամայական է Լաչինի միջանցքի արգելափակման վերացումը։ Նշվել է` Ադրբեջանի կողմից իրավիճակի հետագա սրումը կարող է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայանության հաստատմանն ուղղված ջանքերը:
Հեռախոսազանգի ընթացքում երկուստեք ընդգծվել է նաև 2 երկրի միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետորեն օգտագործելու պատրաստամակությունը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։