Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի մի շարք երկրների քաղաքականությունը ծառայում է ի օգուտ ամերիկյան օրակարգի և ի վնաս սեփական տնտեսության ու քաղաքացիների շահերին, Յոհաննեսբուրգում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Դիվանագետը նշել է, որ չի կարող դատել` երբ Արևմուտքը խելամտության կողմը կբռնի։
«Այն բացարձակապես գաղափարականացված երկրների խումբ է, որը, ինչպես նախագահ Պուտինը մի անգամ նշեց, իրեն երկնաբնակ է ձևացնում, փորձելով փոխարինել Աստծուն։ Մենք երբեմն բախվում ենք նման մարդկանց, որոշակի զրույցներ են տեղի ունենում կուլիսներում, ողջախոհության որևէ նշույլ այնտեղ չկա։ «Դուք պարտակա՛ն եք։ Դուք պարտավո՛ր եք»։ Ո՞ւմ ենք պարտական։ Ո՞ւմ ենք պարտավոր», – ասել է նա։
Ավելի վաղ Լավրովը պատմել էր Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցությունների հեռանկարների մասին։ Լավրովի խոսքով` բանակցությունների վերաբերյալ Արևմուտքի կոչերը Մոսկվան դիտարկում է որպես «մարտավարական հնարք», որպեսզի կրկին Կիևին զինեն զենքով և զինամթերքով։ Նախարարն ընդգծել է, որ դա «ոչ թե խաղաղ կարգավորման, այլ պատերազմի ճանապարհ է»։