ԲՐԻԿՍ–ի մասնակիցները հանդես են եկել ընդլայնումից հետո անվանումը չփոխելու օգտին. Լավրով

ՌԴ նախարարը համոզված է` բոլորը հասկանում են, որ նախընտրելի է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ընդլայնման համատեքստում ԲՐԻԿՍ–ի մասնակիցները հանդես են գալիս խմբի անվանումը չփոխելու օգտին։ Այս մասին Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) միավորման գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Բոլորը կողմ են, որ անվանումը մնա։ Այն արդեն ապրանքանիշ է դարձել։ ԲՐԻԿՍ–ի շարքերը նոր համալրած երկրներից որևէ մեկն այլ բան չի առաջարկել։ Կարծում եմ` բոլորը հասկանում են, որ գերադասելի է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Դա կընդգծի մեր ողջ աշխատանքի շարունակականությունը»,–ասել է Լավրովը։
Յոհաննեսբուրգում կայացած գագաթնաժողովի արդյունքում պաշտոնապես ԲՐԻԿՍ են հրավիրվել ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան։ Նոր երկրները ԲՐԻԿՍ–ին լիարժեք կմիանան 2024 թվականի հունվարի 1-ից։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Յոհաննեսբուրգում անցկացվում է օգոստոսի 22-24-ը, ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ–ի առաջնորդները։ Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը Թեհրանում «ռազմավարական հաջողություն» են անվանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակապի ռեժիմով։
Ներկա պահին ԲՐԻԿՍ–ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու ՀԱՀ–ը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել 23 պետություն, որոնցից 6-ն արդեն հրավեր են ստացել։