Բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են Երևան- Եղեգնաձոր միջպետական ճանապարհին գտնվող թաքստոցից իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց»,–նշվում է ԱԱԾ հաղորդագրությունում։
Պարզվել է նաև, որ ս.թ. օգոստոսի 20-ին Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, վերջինիս կողմից շահագործվող «Վազ 217230» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Եղեգնաձոր միջպետական ճանապարհին հատուկ թաքստոցից վերցրել են թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել Երևան։
Թմրանյութերը մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներկրել և թաքստոցի տեղը ցույց տվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, որի ինքնությունը դեռևս չի պարզվել։
Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Արտաշատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն ձերբակալվել են:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով լցված փաթեթ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 396-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է: