Արցախում հղիներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ կտրամադրվեն

Տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին օգնությունը դեռ չի հասցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Արցախում հաշվառված հղիներին սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն կտամադրվի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, հղիների տրամադրվելու է ձեթ, շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, հաճար, մակարոնեղեն, սպագետի, թեյ, շոգեխաշած տավարի միս, անձեռոցիկ, ատամի մածուկ և օճառ։
Աջակցությունը կտրամադրվի առողջապահության, նաև սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից` առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00–ն։
Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Արցախի ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:
Նախարարությունից տեղեկացնում են, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին օգնությունը դեռ չի հասցվել: Առաջիկա օրերին նաև շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։