ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Այս տարի Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն գերազանցել են նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը` նվաճելով 327 մեդալ (նախորդ տարի` 307)։ ԱՊՀ երկրորդ և Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերում հաջող հանդես եկած և մեդալներ նվաճած մարզիկների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Նախարարի կարծիքով` սա համատեղ աշխատանքի արդյունք է։
«Դուք ձեր մարզումների և ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում գրանցում եք հաղթանակներ, իսկ պետությունը շարունակաբար մեծացնում է սպորտի ոլորտին տրամադրվող աջակցությունը, ինչի շնորհիվ ավելի շատ հնարավորություններ են ստեղծվում թե՛ ուսումնամարզական հավաքների կազմակերպման, թե՛ մրցաշարերի մասնակցության առումով», – ԿԳՄՍՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպման ժամանակ ասել է նախարար Անդրեասյանը։
Նա շեշտել է, որ հայ մարզիկների շարունակական հաջողությունները ցույց են տալիս, որ հաղթանակները ոչ թե պատահականություն են, այլ օրինաչափություն։
Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանն ԱՊՀ երկրորդ խաղերում նվաճել է Հայաստանի առաջին մեդալը, ընդ որում` նա առաջին անգամ էր մասնակցում ԱՊՀ խաղերին։
«ԱՊՀ խաղերում նվաճած ոսկե մեդալը շատ կարևոր էր ինձ համար, կարծես նոր շունչ և ուժ տվեց ինձ: Հիմա ավելի մեծ ոգևորությամբ կնախապատրաստվեմ Հայաստանի առաջնությանը»,- ասել է Սահակ Հովհաննիսյանը: Ըմբիշը հավելել է, որ այս տարվա գլխավոր նպատակը Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցելն ու չեմպիոնության համար պայքարելն է։
Հավելենք, Բելառուսում անցկացված ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 8 մեդալ են նվաճել:
ԱՊՀ երկրորդ և Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերում հաջող հանդես եկած և մեդալներ նվաճած մարզիկների հետ հանդիպման ժամանակ
© Photo : official site of MESCS of RA
Իսկ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Հիշեցնենք՝ Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչները դարձյալ 8 մեդալ են նվաճել՝ 3 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե: