ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր շինարարական գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ոլորտում առկա խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում իրականացվում է մեծածավալ պետական շինարարություն, իսկ շինհրապարակներ այցելելիս արձանագրում է` առկա են պլանավորված ժամկետների խախտումներ, երբեմն` որակական խնդիրներ: Վարչապետի խոսքով`մեր երկրում գործող շինարարական նորմերն այնպես չէ, որ համապատասխանում են բոլոր ժամանակակից չափանիշներին։
Նա նշել է, որ անցում է արվում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի: Հայաստանում այսօր իրականացվում է 300 դպրոցների, 500 մանկապարտեզների կառուցման ծրագիրը։ Շեշտել է` առնվազն երկու հատվածում գործնական փուլ է մտնում «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի շինարարությունը, նաև մոտենում ենք Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագրին։
«Ամեն տարի մեր օրակարգում է 500 կմ ավտոճանապարհների կառուցումը, սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, որոնց առյուծի բաժինը շինարարության ոլորտին է վերաբերում: Առաջիկայում պլանավորում ենք իրականացնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը, նաև հանրապետությունում մի քանի կարևոր թունելներ են կառուցվելու, բացի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի թունելները և կամուրջները»,– ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ քննարկվում է Հայաստանում Արդարադատության, Կառավարման թաղամասեր ունենալու գաղափարը։ Վարչապետը նաև մտահոգություն է հայտնել` արդյոք ՀՀ-ում այս պահին գոյություն ունեցող շինարարական ներուժը, ընկերությունները կարողանալու են բոլոր մրցույթներին պատշաճ մասնակցություն ունենալ, հետո այդ ծրագրերն իրականացնել պատշաճ ժամկետներում և պատշաճ որակով:
Վարչապետն անդրադարձել է նաև մեծ թափով իրականացվող բնակարանաշինությանը։ Նա ընդգծել է, որ արված հաշվարկներով՝ անհրաժեշտ է 15-20 տարվա ընթացքում թարմացնել ամբողջ բնակֆոնդը, որպեսզի ոչ միայն վթարային, այլև մաշվածություն ունեցող բնակարանային ֆոնդ չունենանք։ Վթարային շենքերը նորերով փոխարինելու լայնածավալ ծրագիրն առաջիկայում մեկնարկելու է Երևանից։