Վարչապետ Փաշինյանն ու Բելգիայի ԱԳ նախարար Լահբիբը քննարկել են ԼՂ–ում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Փաշինյանն ու Բելգիայի ԱԳ նախարար Լահբիբը քննարկել են ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականություն է անհրաժեշտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և իրականացնի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը Եվրոպական միության դիրքորոշումն է փոխանցել։
Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել է տիկին Լահբիբի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Իր հերթին Բելգիայի ԱԳ նախարարը հավելել է, որ բելգիացի գործարարները հետաքրքրված են բիզնես կապերը խորացնել և ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում։
«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների նպատակն է ԼՂ-ում իրականացնել էթնիկ զտում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Վարչապետն անդրադարձել է ԼՂ-ի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հրատապ քննարկումներին: Նա շեշտել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի գործելաոճը փոխելու համար: Փաշինյանը կարևորել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականության անհրաժեշտությունը:
Վարչապետ Փաշինյանն ու Բելգիայի ԱԳ նախարար Լահբիբը քննարկել են ԼՂ–ում ստեղծված իրավիճակը