ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ՝Չանաքքալե նահանգում բռնկված խոշոր անտառային հրդեհը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ առնել, իշխանությունները պատրաստվում են վատթարագույն սցենարին, հայտնել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են հրշեջ ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ինչպես նաև մեծ թվով հրշեջ հաշվարկներ: Միջադեպի պատճառով ստիպված են եղել Դարդանելի նեղուցը ժամանակավորապես փակել նավերի տեղաշարժի համար։
«Քամին շատ ուժեղ է։ Մենք բոլոր ուժերն ուղղել ենք բնակավայրերի պաշտպանությանը։ Հրդեհը տարածվում է դեպի Չանաքքալեի կենտրոն։ Նախապատրաստվում ենք վատագույն սցենարին։ Պետական հիվանդանոցն ու համալսարանը բերվել են մարտական պատրաստության վիճակի, սակայն տարհանում չի իրականացվում: Վեց գյուղ տարհանվել է, երեքը պատրաստ են տարհանման»,-նախարարի խոսքը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը։
Նախարարը նաև հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր ցամաքային տեխնիկա և մոտ 1100 մարդուց բաղկացած անձնակազմ: