ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը կոչ է արել ցուցաբերել զգոնություն և զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։
Նա ընդգծել է` անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը:
Օգոստոսի 21-ին Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանն իր զինակիցների հետ ներխուժել է Արցախի խորհրդարան և հաշիվ պահանջել ԱԺ նորընտիր ղեկավար Դավիթ Իշխանյանից՝ նախագահ Արայիկ Հարությունյանին իբր թե հայհոյելու համար:
«Բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու և ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին: Որպես օրենսդիր մարմնի ղեկավար` համոզված եմ, որ ԱՀ Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների, այլև հանրության խնդիրները ներկայացնող և լուծումներ առաջադրող հարթակ»,– ասված է Դավիթ Իշխանյանի հայտարարության մեջ։
Նա վստահություն է հայտնել, որ այս ծանր օրերին ուժային և իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարևորությունը։
Իշխանյանը շեշտել է` գիտակցելով ներքին համերաշխության կարևորությունը` պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել համատեղ որոշումներ կայացնելու և այս իրավիճակից Արցախը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:
«Վստահեցնում եմ ձեզ, որ Ազգային ժողովը պատրաստ է հյուրընկալել հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի և պատրաստակամ է լսելու բոլորի կարծիքը և այն ներկայացնելու թե´ ԱՀ նախագահին, թե´ պատկան մարմիններին»,–ասել է Իշխանյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ այս ծանր կացությունից կարելի է դուրս գալ Արցախի ժողովրդի հաստատակամ, արդար, անմնացորդ նվիրվածության ու համերաշխության շնորհիվ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։