Լաչինի միջանցքի փակ մնալը սովամահության սպառնալիք է առաջացնում. Բելգիայի ԱԳ նախարար

Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը Երևանում
Բելգիան և Եվրամիությունը շարունակում են պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ԼՂ բնակիչների անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելգիան խորապես մտահոգված է հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։
«Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումը լուրջ հետևանքներ է ունենում և հիվանդության ու սովամահության սպառնալիքներ է առաջացնում։ Այս առավոտ ևս հաստատվեց դա իմ հանդիպման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ` Ղարաբաղի բնակիչների կյանքը վտանգի մեջ է, և դա անընդունելի է»,– նշեց Բելգիայի ԱԳ նախարարը։
Նա շեշտեց, որ Բելգիան ամբողջությամբ ընդունում է Եվրամիության դիրքորոշումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Նա հավելեց, որ Բելգիան և Եվրամիությունը կշարունակեն դիվանագիտական շփումներում պնդել սա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։