Հայաստանում ռուբլին արժեզրկվել է. ի՞նչ հնարավորություններ է դա բացում գործարարների համար

2023 թ. սկզբից մինչ այս պահը ռուբլին արժեզրկվել է ավելի քան 20 տոկոսով, որի արդյունքում հայկական շատ ապրանքներ, այդ թվում` հայկական ծիրանը, այս տարի բավականին ոչ մրցունակ եղան ռուսական շուկայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. 2022 թ. Հայաստանում ռուսական ռուբլու փոխարժեքը համեմատաբար կայունացել էր` կազմելով 5.3 դրամ, որը թույլ տվեց մեծ քանակի ապրանքներ կայուն ձևով արտահանել ՌԴ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Աղասի Թավադյան
Նրա տվյալներով` 2023 թ. սկզբից մինչ այս պահը ռուբլին արժեզրկվել է ավելի քան 20 տոկոսով։
«Շատ գործարարներ դժգոհում են նման փոխարժեքից, բայց պետք է նշել, որ ոչ թե հայկական դրամն է ամրապնդվել, այլ ռուսական ռուբլին է արժեզրկվել բոլոր արտարժույթների հանդեպ, որը խնդիր է առաջացնում»,– նկատեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է տրանսֆերների ծավալներին, ապա դրանք տարեցտարի իջնում են։ Մեր երկրում պիկային եղել է 2013 թ–ն, երբ տրանսֆերներ–ՀՆԱ հարաբերակցությունը եղել է 19.5 տոկոս, իսկ ամենացածր ցուցանիշով տարին եղել է 2021 թ–ն, երբ տրանսֆերներ–ՀՆԱ հարաբերակցությունը եղել է 9.5 տոկոս։
Աղասի Թավադյանի խոսքով` վերջին երկու տարում տրանսֆերները չնչին աճ են ունեցել, ու դա ոչ թե արտագնա աշխատանքի մեկնող հայերի փոխանցումների, այլ հիմնականում ռուս ռելոկանտների շնորհիվ է։
ԵԱՏՄ երկրների հետ հաշվարկների շուրջ 90%-ն արվում է ռուբլով. Պուտին
«ՀՀ քաղաքացիները հիմա ավելի շատ նախընտրում են աշխատել մեր երկրում, քան գնալ արտագնա աշխատանքի ՌԴ։ Ավելին` արդեն դրսից, հենց նույնիսկ ՌԴ–ից են գալիս այստեղ աշխատելու»,– նկատեց նա։
Տնտեսագետն անդրադարձավ նաև ռուբլով ռուսական գազի համար վճարումներին` ասելով, որ ճիշտ է` պայմանագրով նշված է, որ պետք է ռուբլով կատարենք վճարումները, սակայն ռուբլին ֆիքսված է դոլարով։
«Այսինքն, անկախ ռուբլու փոխարժեքի իջեցումից կամ բարձրացումից` նույն դոլարային գինն ենք մենք վճարելու գազի դիմաց, որը խնդրահարույց է, և պետք է քայլեր իրականացվեն այս հարցը կարգավորելու համար»,– նկատեց Աղասի Թավադյանը։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իր հերթին ավելացրեց, որ ռուբլին ՌԴ–ում աշխատում է ու հարաբերականորեն պահպանում իր գնողականությունը։
Թաթուլ Մանասերյան
«Հայկական դրամը 20 տոկոսից ավել արժևորվել է մեկ տարվա ընթացքում, ինչը շատ է գցում հայկական ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում։ Անգամ Հայաստանի բրենդ ծիրանն այս տարի իր դիրքերը սկսել է գցել»,– վստահեցրեց նա։
Ըստ Մանասերյանի` արտահանման մեջ պետք է դիտարկենք նաև տուրիզմը. զբոսաշրջիկը գալիս է մեր երկիր, մեծ քանակի արտարժույթ թողնում, օգտվում ծառայություններից։
Կգա ժամանակ, երբ ՀՀ-ՌԴ առևտրի պայմանագրերը կկնքվեն ռուբլով, առանց դոլարի հետ կապի. Պարսյան
Նա վստահ է, որ եթե հայ գործարարները մի քիչ ավելի հնարամիտ լինեն, կհասկանան, որ ճիշտ ժամանակն է ՌԴ–ից էժան գնով մեծ քանակի հումք ձեռք բերելու, նաև առաջին անհրաժեշտության ապրանքներով պետական ռեզերվները համալրելու համար։