Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը Երևանում է. նա արդեն ժամանել է ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբն արդեն Երևանում է։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարն արդեն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այս պահին տեղի է ունենում Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Այսօր ավելի վաղ Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարը այցելել էր Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երեկ հայտնի դարձավ, որ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը կայցելի Հայաստան:
Նշենք, որ Հաջա Լահբիբի ընտանիքն Ալժիրից է, ինքը ծնվել է Բելգիայում։ Երկար տարիներ աշխատել է Բելգիայի ռադիոյում և հեռուստատեսությունում, եղել է Աֆղանստանում և Միջին Արևելքում հատուկ թղթակից։ 2021թ. նա այցելել է Ղրիմ` չնշելով, թե ինչպես է այնտեղ հասել։
2022 թվականի հոկտեմբերի 7–ին Լահբիբը և երկու կին օրենսդիրներ խորհրդարանում կտրել էին իրենց մազերը՝ ի նշան համերաշխության Իրանում անցկացվող հակակառավարական ցույցերի, որոնք պայմանավորված էին կալանավորված 22–ամյա Մահսա Ամինիի մահով։ Բելգիայի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հուլիսից։