ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ կեղծ պնդումները առաջ մղելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այսօր սոցցանցերում տարածված տեսանյութին, որտեղ 17-ամյա Էլեն Առստամյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին։
Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ին Արցախից Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՀ բուհերում սովորող ուսանողներ։ Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է 17– ամյա Էլեն Առստամյանի հարցազրույցը։
Գեղամ Ստեփանյանը հեռախոսազրույց է ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել է նրա հոգեբանական իրավիճակի և ապրումների մասին։
«Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տասնյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տվել է նաև հայ հասարակության մի մասը»,– գրել է նա։
Արցախի ՄԻՊԸ պահանջում է զերծ մնալ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 16-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ հորդորեցին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։