ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու նրա ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս պահին ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամներն ապօրինի գույքի բռնագանձման գործով այսօր հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Մասնավորապես` դատախազություն են հրավիրվել Գագիկ Ծառուկյանը, նրա կինը` Ջավահիր Ծառուկյանը, մայրն ու հայրը` Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, որդիները` Հովհաննես և Նվեր Ծառուկյաններն ու վերջինիս կինը` Արփի Ավետիսյանը։
«Զուտ թղթային մասով շատ մեծ ծավալի մասին է խոսքը գնում, դա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, պետք է ծանոթանալ, հասկանալ, պատասխանել՝ ինչը և կանեն փաստաբանները, մասնագետները»,– գրել է նա։
Իվետա Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ եթե հարկ լինի կներգրավեն նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին նաև մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործը։