ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահների հետ կապված միջադեպի արձագանքը քննարկման առարկա է կազմակերպության Անվտանգության խորհրդում: Դրա վերաբերյալ դիրքորոշումը, որտեղ կնշվի նաև Մոսկվայի կարծիքը, կձևակերպվի օգոստոսի 21-ին կայանալիք խորհրդակցությունների ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կիպրոսում տեղի ունեցած միջադեպը։
«ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ (որոնց առաքելությունն արտոնված է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից) բռնության դեպքերին միջազգային հանրության արձագանքի մշակման հարցը, ինչպես և հարկն է, քննարկման առարկա է Անվտանգության խորհրդում։ Այս մարմինը պատասխանատու է ՄԱԿ-ի զորակազմերի անձնակազմի համար: Քանի որ անհրաժեշտ էր տեղի ունեցածի շատ հստակ պատկերը ստանալ, մանրամասն վերականգնել բոլոր հանգամանքները և համաձայնեցնել ձևակերպումները, նշված միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ն խորհրդակցություններ կանցկացնի օգոստոսի 21-ին»,-Զախարովայի խոսքը մեջբերում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը։
Նա համոզմունք է հայտնել, որ այն դիրքորոշումը, որում կարտացոլվի նաև ՌԴ տեսակետը, կձևակերպվի համարժեք և հստակ։
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան միշտ դեմ է եղել ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ զինվորականների, ոստիկանության կամ քաղաքացիական անձանց նկատմամբ որևէ բռնության, դա վերաբերում է նաև Կիպրոսում տեղի ունեցած միջադեպին:
«Բազմիցս զգուշացրել ենք նման միջադեպերի անտեսման ռիսկերի մասին»,-ընդգծել է նա:
Կիպրոսի թուրքերն օգոստոսի 18-ին սադրանք էին կազմակերպել՝ բուլդոզերով դուրս հրելով ՄԱԿ-ի ուժերի մեքենաները։ Միջադեպը տեղի է ունեցել Փիլա բնակավայրի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև բուֆերային գոտում: Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP) հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի խաղաղապահները խոչընդոտել են տարածքում չարտոնված շինարարական աշխատանքներին: