ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են ծանր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը ծանր է: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում:
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։