Եվրասիական տնտեսական ինտեգրացիան լրջորեն որոշում և ձևավորում է հետխորհրդային տարածքի երկրների տնտեսական կառուցվածքը։ Այս մասին «Sputnik на русском»–ին տված հարցազրույցում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն։
«ԵԱՏՄ առաջին 10 տարիները տնտեսագիտության պատմության, համաշխարհային տնտեսության դասագրքերի մեջ կմտնեն որպես աննախադեպ տնտեսական աճի ժամանակաշրջան։ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ–ն անցել է մի ճանապարհ, որի համար Եվրոպական տնտեսական հանրությունից պահանջվեց 30 կամ նույնիսկ 40 տարի։ Այսօր մենք մոտ ենք ներքին շուկա ստեղծելուն, գրեթե հասել ենք տնտեսության և սոցիալական ոլորտում օրենսդրության ներդաշնակեցմանը, միասնական աշխատաշուկայի ստեղծմանը և այլն», – նշել է փորձագետը։
Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական ինտեգրումն անհատական շուկայի ձևավորման իր արագությունն ունի, իր պարամետրերը, որոնք ունեն մակրոտնտեսական հարթություն։ Ինչպես նշել է Տկաչենկոն, ԵԱՏՄ անդամ բոլոր այս պետություններում նկատվում է տնտեսության, առանձին ոլորտների աճ, արտաքին առևտրի աճ, բնակչության կենսամակարդակի բարձրացում։
Ավելի վաղ հայտնել էինք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Միջազգային կյանք» («Международная жизнь») ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ եվրասիական ինտեգրացիան ծառայում է որպես ԵԱՏՄ պետությունների տնտեսական կայունության պահպանման և այդ պետությունների քաղաքացիների բարեկեցության բարելավման երաշխիք։
Հիշեցնենք` ԵԱՏՄ–ի անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։