Հրդեհ Երևանի կենտրոնում. այրված բնակարանում դի է հայտնաբերվել

Երևանի բնակարաններից մեկի հրդեհի հետևանքները
Հրդեհի հետևանքով այրվել է ամբողջ պատշգամբը` գույքով, ինչպես նաև մասամբ` հյուրասենյակի գույքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է այսօր` ժամը 17։00-ի սահմաններում։ Ըստ ահազանգի` Երևանի Կողբացու փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին սահմաններում, մոտ 10 րոպե անց էլ` մարվել։ Բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դի:
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել են պատշգամբը՝ գույքով, մասամբ հյուրասենյակի գույքը, ջերմահարվել են խոհանոցը և լոգարանի կախովի առաստաղը։