Ուշացնում ենք. Փաշինյանը Շուռնուխում կառուցվող 13 տան շինաշխատանքների մասին

Վարչապետը շեշտեց, որ տուրիզմը զարգացնելու համար մարդիկ կարող են գինետուն բացել և աշխատել նաև այդ ոլորտում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում երեկ ծանոթացել է 13 անհատական բնակելի տան շինարարական աշխատանքներին: Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա շրջում է նոր կառուցվող տների մոտով և զրուցում բնակիչների հետ։
Նիկոլ Փաշինյանը Շուռնուխում
Վարչապետը նշել է, որ շինաշխատանքներն ընթացքի մեջ են, կատարվել է աշխատանքների 80%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 741 մլն դրամ է: Վարչապետը կարևորել է աշխատանքների որակյալ իրականացումն ու հնարավորինս սեղմ ժամկետում դրանք ավարտին հասցնելը:
«Ուզում ենք շեն պահենք, շենացնեք, չենք կարողանում ժամանակին հասցնենք։ Ուշացնում ենք»,– ասաց նա դիմելով Շուռնուխի տարեց բնակիչներից մեկին։
Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ
Փաշինյանը նկատողություն արեց շինարարին, որ ժամանակին չեն կատարում աշխատանքները, դեռ 1 տարի էլ ուշացնում են։ Դրան զուգահեռ, նա շեշտեց, որ տուրիզմը զարգացնելու համար մարդիկ կարող են գինետուն բացել և աշխատել նաև այդ ոլորտում։
Նրան այցի ընթացքում մոտեցան նաև գյուղում ապրող մի քանի տղամարդ և բողոքեցին, որ չեն կարողանում գյուղից դուրս գալ, քանի որ ճանապարհը քանդել են ու չեն նորոգում։
Գործադիրի ղեկավարին ներկայացվել են նաև Տ-8․Լծեն-Տաթև տեղական նշանակության ավտոճանապարհի ավարտված վերակառուցման աշխատանքները: Նշվել է, որ 19,89 կմ ճանապարհի վերակառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է գրեթե 8 մլրդ դրամ, միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: Ավարտվել են նաև Լծեն-Շամբ 6,15 կմ հատվածի շինաշխատանքները: Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 730 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ
ՏՏ վարչապետն այցի ընթացքում եղել է նաև Դարբաս բնակավայրում, որտեղ ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքներին, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 729 մլն դրամ է, միջոցները տրամադրվել են պետական բյուջեից, դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար։ Փաշինյանն այցելել է նաև Սիսիան` 200 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով հիմնված ինտենսիվ այգի, ինչպես նա 150 մլն ներդրումով մի ընկերություն, որը բազալտի հանքավայր է շահագործում և վերամշակում բազալտ, գրանիտ, տրավերտին ու այլ քարեր։
Սիսիանում վարչապետը ծանոթացել է այնտեղի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին։ Այցի ավարտին Սիսիանի քաղաքային պանթեոնում նա հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Փաշինյանին ուղեկցող պատվիրակության կազմում էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։