ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վրդովմունք հայտնել։ Նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Հիմնական լրատվամիջոցները ձեզ չեն տեղեկացնում, բայց Լեռնային Ղարաբաղում արդեն սովամահության դեպքեր կան։ Դրանք առաջացել են Ադրբեջանի ապօրինի շրջափակման հետևանքով: Ո՞ւր է վրդովմունքը։ Ինչո՞ւ ոչ ոք ուշադրությունը չի կենտրոնացնում հայերի ինքնորոշման վրա»,– գրել է փաստաբանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Օգոստոսի 16-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ հորդորեցին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։