«Տենց խնդիր չկա, որ չլուծվի». Փաշինյանը զրուցել է ագարակցիների հետ և այցելել կոմբինատ

ՀՀ վարչապետը նշել է, որ բնակիչներն էլ պետք է օգնեն կառավարությանը։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այսօր եղել է Ագարակում: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում ու տեսանյութ հրապարակել։
Նա առավոտյան այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, շրջել այնտեղ և ծանոթացել գործունեության ընթացքին ու առաջիկա ծրագրերին:
«Առանձնակի կարևորեցի նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետևողական լուծման քայլերը»,– գրել նա։
Փաշինյանը հանդիպել է նաև ագարակցիներին, նրանց հետ քննարկել է ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը և գազամատակարարմանը վերաբերող հարցեր:
«Տենց խնդիր չկա, որ չլուծվի, պետք է պարզապես մարզպետի հետ, համայնքապետի հետ այդ խնդիրներն ընդհանուր գրենք հերթականությամբ։ Բայց ասել եմ` գլխավորը ջրի հարցն է»,– ասել է վարչապետը բնակիչներին։
Նա նշել է, որ բնակիչներն էլ պետք է օգնեն կառավարությանը հարցերը լուծելու համար, չհիասթափվեն, չթևաթափվեն և չասեն, թե անհնար է, որ ինչ–որ բան փոխվի։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ է մեկնել երեկ Երևան-Կապան ավիաչվերթով։ Նա մասնակցել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի` 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը, այնուհետև այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ: