Կիպրոսցի թուրքերը բուֆերային գոտում բուլդոզերներով հարձակվել են ՄԱԿ-ի մեքենաների վրա

ՄԱԿ-ի բրիտանացի խաղաղապահները հսկում են Նիկոսիայի Սուրբ Խաչ եկեղեցին. Արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը, ինչպես նաև ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հունաստանը դատապարտել են Կիպրոսի թուրքերի սադրանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կիպրոսի թուրքերը սադրանք են իրականացրել՝ բուլդոզերով խփելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մեքենաներին։ Միջադեպը տեղի է ունեցել Պիլա գյուղի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև ընկած բուֆերային գոտում։
Համաձայն Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP) հայտարարության, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում, ՄԱԿ-ի խաղաղապահները կանխել են տարածքում չարտոնված շինարարական աշխատանքները։ Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են բուլդոզերները տարածքից դուրս հրում խաղաղապահների ամենագնացները։
ՄԱԿ-ի հրամանատարների ներկայացուցչությունը դատապարտել է այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի» կողմից իրականացված սադրանքը՝ հայտարարելով, որ ՄԱԿ-ի խաղաղապահներին հասված վտանգները և կազմակերպության գույքին հասցված վնասն անընդունելի են և միջազգային իրավունքի համաձայն լուրջ հանցագործություն են։ Այս հանցագործությունը հետաքննվելու է օրենքի ողջ ուժով։
ՄԱԿ-ի ուժերը կոչ են արել կիպրոսցի թուրքերին հարգել բուֆերային գոտում առաքելության մանդատը, զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է ավելի մեծացնել լարվածությունը և անմիջապես դուրս բերել ողջ անձնակազմն ու տեխնիկան գոտուց:
Միջադեպը դատապարտել են նաև Մեծ Բրիտանիայի գերագույն հանձնաժողովը, Ֆրանսիայի դեսպանատունը և Կիպրոսում ԱՄՆ դեսպանատունը՝ լուրջ մտահոգություն հայտնելով ճանապարհի ինքնակամ շինարարության մեկնարկի կապակցությամբ։
«Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները և ՄԱԿ-ի մեքենաներին հասցված վնասը Կիպրոսի թուրք անձնակազմի կողմից: Այս գործողությունները լիովին անընդունելի են և խաթարում են ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատը իրագործելու հնարավորությունը: Հատկապես ցավալի է, որ այդ գործողությունները շարունակվում են՝ չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ը առաջարկ է ներկայացրել՝ ուղղված տարածաշրջանում կիպրոսցի թուրքերի խնդիրներին»,- ասվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները հորդորել են Կիպրոսի թուրքական իշխանություններին անհապաղ դադարեցնել շինարարությունը։
Կիպրոսի թուրքերի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել նաև Հունաստանի ԱԳՆ-ն։