Աննա Արևշատյանի ընտանիքը այլևս չի ապրում Գավառում. Գեղարքունիքի մարզպետարանի պարզաբանումը

Գավառ. Արխիվային լուսանկար
Նախինում ընտանիքին տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութում երևացող Աննա Արևշատյանն ու նրա երեխաները 2023 թ.–ի մայիս ամսից չեն ապրում Գավառ քաղաքում, ուստի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել։ Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը։
Հաղորդագրությունում ասվում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 20-ից ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է այս ընտանիքի խնդիրներով։
«Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։ Ընտանիքին տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նրանք Գավառ քաղաքում ապրել են վարձակալությամբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մայրը անչափահաս երեխային ծեծում ու նվաստացնում էր։ Ավելի ուշ կինը հայտնաբերվել ու ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։