ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, գրում է Sputnik Ադրբեջանը։
Նրանք մեղավոր են ճանաչել մի քանի հոդվածներով, այդ թվում` ահաբեկչություն, մաքսանենգություն և սահման հատելը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ոսկանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը առիթը բաց չթողեց հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: