ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրել և ներկայացրել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը։
Նշվում է, որ այս տեղեկությունը հիմնավորվում է արխիվային փաստաթղթերով, հրամանատարների հրամաններով, Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով, ընտանիքի անդամների վկայություններով:
«Այդ համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ»,–նշված է ՄԻՊ–ի հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված և հաստատված տեղեկությունների համաձայն՝ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ հետախուզման վերաբերյալ տվյալ։
Ի դեպ, Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիա տիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը, ատելության և թշնամանքի քարոզը՝ ուղղված նաև Վագիֆ Խաչատրյանի և նրա հարազատների նկատմամբ: Ընդ որում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, ԶԼՄ–ները և պաշտոնատար անձինք Վագիֆ Խաչատրյանին պիտակավորել են որպես հանցագործ:
«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել»,–ասված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված ամբողջական տեղեկատվությունն ուղարկվել է իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին:
Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։