ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Թուրքիան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ ռազմաբազա է տեղակայելու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով TGRT հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի աղբյուրը պնդում է, որ այդ քայլը կօգնի ամրապնդել Թուրքիայի ինքնիշխանությունը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, ուժեղացնել վերահսկողությունը թուրքական տարածքային ջրերի նկատմամբ և ապահովել առևտրային նավերի անվտանգությունը։
Առկա տեղեկությունների համաձայն` ռազմաբազայում, որը կստեղծվի այդ տարածաշրջանում, թուրքական մարտական անօդաչուներ և ՀՕՊ համակարգեր է նախատեսվում տեղակայել։
2019 թվականի նոյեմբերին Լիբիայի Ազգային միասնության կառավարությունն ու Թուրքիայի իշխանությունները հուշագիր ստորագրեցին երկու երկրների միջև ծովային գոտիների սահմանագծման վերաբերյալ փոխըմբռնման մասին։ Նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին Ազգային միասնության կառավարությունը Թուրքիայի հետ երկու նոր հուշագիր ստորագրեց նավթագազային հատվածում փոխըմբռնման մասին։ Փաստաթղթերից մեկը վերաբերում է այդ թվում համատեղ երկրախուզական աշխատանքների իրականացմանը։
Լիբիայի ներկայացուցիչների պալատի (խորհրդարան) ղեկավար Ակիլա Սալեհը նույն օրը անվավեր ճանաչեց ստորագրած փաստաթղթերը և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղերձ հղեց` խնդրելով չճանաչել Ազգային միասնության կառավարության և Անկարայի միջև փոխըմբռնման այդ հուշագրերը։ Համաձայնագրին դեմ հանդես եկան Եգիպտոսն ու Հունաստանը։
Ներկայումս Լիբիայում փաստացի նախարարների երկու կաբինետ գոյություն ունի` երկրի արևելքում Ֆատհա Բաշագայի գլխավորությամբ, որին աջակցում է խորհրդարանը, և Ազգային միասնության կառավարությունը` Տրիպոլիում նստավայրով։ Նախորդ տարվա հունիսի 22-ին ավարտվեց ժնևյան պայմանավորվածությունների համաձայն անցումային շրջանի ժամկետը, որի ավարտին Լիբիայում պետք է ընտրված նախագահ և խորհրդարան հայտնվեր։ Սակայն 2021 թվականի դեկտեմբերին նախանշված ընտրությունները չեղարկվեցին, և մինչև օրս դրանց անցկացման ամսաթիվը հայտնի չէ։