Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի․ Նիդեռլանդների արտգործնախարար

Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հուկստրա
Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հարցով դիմել էին երկրի վարչապետին ու արտգործնախարարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Նիդեռլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրամիության երեկվա հայտարարությանը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում (նախկին Twitter) գրել է Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հուկստրան։
Երեկ Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով դիմել են երկրի վարչապետ Մարկ Լյուտեին և արտգործնախարար Վոպկե Հուկստրային։ Խորհրդարանականները պահանջել են, որ վարչապետն ու արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ նիստում գործեն ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան:
«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հումանիտար լուրջ իրավիճակով»,- գրել է Հուկստրան։
Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման։
«Նիդեռլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։