ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Էջմիածնի առաջին փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը 1827 թվականի Օշականի ճակատամարտից առաջ Էջմիածնի պաշարումը համեմատել է Ադրբեջանի կողմից ԼՂ–ի ներկայիս շրջափակման հետ։
Պետրոսյանը ելույթ է ունեցել Օշականի հերոսների հուշարձանի մոտ Հայաստանում ՌԴ դեսպանատան, Երևանում Ռուսական տան և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների համատեղ կազմակերպած հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Նա պատմել է, որ 1827 թվականի օգոստոսի սկզբին Էջմիածինը պաշարված էր։ Քաղաքին օգնության է հասել գեներալ Կրասովսկին իր զորքով։ Նրան են միացել հայ աշխարհազորայինները։
Օշականի հերոսամարտի հուշարձանը
© Sputnik / Asatur Yesayants
«Քաջաբար մարտնչելով Աբաս Միրզայի գլխավորած բազմահազարանոց իրանական բանակի դեմ` ջախջախիչ հաղթանակ են տարել։ Եվս մեկ անգամ կցանկանայի հարգանքի տուրք մատուցել այդ ճակատամարտում ընկած մեր հերոսներին», – ասաց Պետրոսյանը։
Բացի այդ, նա զուգահեռներ անցկացրեց ժամանակակից իրողությունների հետ` ուշադրություն հրավիրելով նրան, որ ԼՂ–ում 120-հազարանոց հայ բնակչությունը շրջափակման մեջ է։
«Նրանք պաշարման մեջ են, և դա նման է 1827 թվականի իրադարձություններին։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, 120-հազարանոց հայ բնակչության գլխին էթնիկ, մշակութային և կրոնական զտումների սպառնալիք է կախված։ Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն ստանձնել է այդ ժողովրդի անվտանգության երաշխավորի դերը։ Եվ ես հույս ունեմ, որ մենք` մեր դաշնակիցների հետ միասին, կկարողանանք լուծել այդ խնդիրը և ստիպել հանցավոր ադրբեջանական ռեժիմին կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները», – ասաց Պետրոսյանը։
1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ճակատամարտ պարսից գահաժառանգ Աբաս Միրզայի բանակի և ռուսական զորքերի միջև՝ Աֆանաս Կրասովսկու հրամանատարությամբ։ Ռուսական զորքերն օգնության էին շտապել պարսիկներով պաշարված Մայր աթոռ սուրբ Էջմիածնին։ Այդ ճակատամարտում պարսիկների կորուստները կազմել են 3000 սպանված և վիրավոր, ռուսական զորքերի կորուստները՝ 1150։
1834 թվականին Էջմիածնից ոչ հեռու տեղադրվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձանը։ Եփրեմ Ձորագեղցու և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ, ինժեներ Կոպանևսկու նախագծով կառուցված հուշարձանը պատրաստված է հայկական տուֆից։