ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է Արմեն և Սերգեյ Սմբատյանների համար, քանի որ երկու գործիչներն էլ որևէ վտանգ չեն ներկայացնում հանրության համար։ Այս մասին ՀՀ պետական մարմիններին ուղղված բաց նամակում գրել են մի խումբ հայտնի երաժիշտներ և մշակութային գործիչներ։
Արմեն Սմբատյանի և Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով դիմել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Բաշմետը, օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, օպերային երգչուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոևան, դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, Deutsche Grammophon-ի ջութակահար Դանիել Լոզակովիչը։
Նրան ընդգծում են, որ խորապես անհանգստացել են՝ լսելով իրենց գործընկերների նկատմամբ մեղադրանքի առաջադրման և կալանավորման մասին լուրը։
«Արմեն և Սերգեյ Սմբատյաններն ականավոր պրոֆեսիոնալներ են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ունեցել է անվիճելի ներդրում Հայաստանի մշակութային և հասարակական կյանքում։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայրենի երկրի հանրությանը, այլև ՀՀ սահմաններից դուրս»,-ասվում է նամակում։
Մասնավորապես նշվում է, որ 17 տարեկանից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարող Սերգեյ Սմբատյանի կազմակերպչական և արտիստական տաղանդի շնորհիվ Հայաստանի երաժշտական արվեստը մեծ ձեռքբերումներ է ունեցել, ինչպես նաև ճանաչում՝ աշխարհի շատ երկրներում։ Հեղինակավոր համերգային հարթակներում համագործակցել է հայտնի նվագախմբերի և համաշխարհային աստղերի հետ և դարձել է Հայաստանի ազգային հպարտությունը։
Իսկ հասարակական գործիչ Արմեն Սմբատյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի իր առաքելության տարիներին, ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։
Ավելին, բարձր են գնահատվում ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում Արմեն Սմբատյանի ղեկավարման տարիներին նրա մարդասիրական նախաձեռնությունների մասշտաբն ու կարևորությունը։
«Մենք հավատում ենք, որ Հայաստանի դատական համակարգը հիմնված է արդարության և հումանիզմի սկզբունքների վրա, և առաջնային են համարվում օրինականությունն ու քաղաքացիների ազատությունները։ Այս պայմաններում խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է, քանի որ երկու գործիչներն էլ որևէ վտանգ չեն ներկայացնում հանրության և իրենց երկրի շահերի համար։ Անկեղծորեն հավատում ենք, որ ստեղծված իրավիճակը կլուծվի ամենամոտ ապագայում»,- հավելում են բաց նամակում։
Հիշեցնենք` օգոստոսի 11-ին դատախազը մերժեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին միջնորդագիր էին ներկայացրել մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ, բժիշկներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ` հորդորելով կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։
Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Նախկին դեսպան Արմեն Սմբատյանին կալանքից ազատելու խնդրանքով էլ Նիկոլ Փաշինյանին դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը՝ ընդգծելով, որ Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից։
Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նամակ է հղել նաև Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկվայի միջազգային երաժշտական տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը։