ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությամբ և խիստ անհանգստացած է Լաչինի միջանցքի փակմամբ, ինչը խզում է կենսական նշանակության ապրանքների առաքման հասանելիությունը և խորացնում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում:
«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Մենք նաև նշում ենք այլ երթուղիների շուրջ փոխզիջման հնարավորությունը։ Հումանիտար փոխադրումները չպետք է սահմանափակվեն», - հայտարարեց նա։
Ըստ ԱՄՆ ներկայացուցչի` կողմերը պետք է շարունակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, ինչը ճկունություն և փոխզիջումներ է պահանջում։
ԱՄՆ-ը կողմերին զսպվածության և մարդասիրական իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կոչ է անում։
Ինչպես նշեց Գրինֆիլդը, միջազգային հանրությունը պետք է աջակցի կողմերի միջև բանակցություններին: Վաշինգտոնն աջակցում է խաղաղության հասնելու համար բանակցությունների ցանկացած ձևաչափի։ Այս համատեքստում նա կողմերին ուղիղ բանակցությունների կոչ արեց, այդ թվում՝ Բաքվի պաշտոնատար անձանց և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։
«Մենք կշարունակենք մասնակցել բոլոր գործընկերների հետ աշխատանքին», - եզրափակեց դիվանագետը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։