ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Շվեդիան դեռ չի բավարարել ահաբեկիչներին հանձնելու Թուրքիայի 28 հայցերից որևէ մեկը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, «A-Haber» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։
«Շվեդիային մենք 28 հայց են ներկայացրել ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ։ Ցավոք, դրանցից 22-ը մերժվել են։ 9 հայց վերաբերվում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, 8-ը` FETO ահաբեկչական կազմակերպությանը, հինգը` այլ կազմակերպությունների անդամներին։ Հայցերից երեքը մերժվել է անձի մահվան կամ նման հանքամանքների պատճառով։ Երեքի պատասխանն ընթացքի մեջ է։ Սակայն Շվեդիայի դատական մարմիններն արդեն հայտնել են այդ հայցերի վերաբերյալ իրենց բացասական որոշման մասին», – ասել է նախարարը։
Թունչը հիշեցրել է, որ Շվեդիան հայտարարում է ՆԱՏՕ–ի անդամ և դաշինքում Թուրքիայի գործընկեր դառնալու մտադրության մասին։
«Մեր խորհրդարանի օրակարգում կլինի այդ հարցը, հայցի բավարարումը։ Եվ խորհրդարանը քննարկման ժամանակ հաշվի է առնելու բոլոր նրբությունները։ Շվեդիայից ակնկալիքները հասկանալի են. մենք սպասում ենք, որ Ստոկհոլմը մեզ կարտահանձնի ահաբեկիչներին։ Սակայն այդ հարցում տեղաշարժ չկա», – ասել է նախարարը։
Նա հավելել է, որ հունիսից Շվեդիայում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նոր օրենք է սկսել գործել։ Պաշտոնյայի խոսքով` նման օրենքներում ձևակերպումները սովորաբար ընդարձակ են լինում, այդ պատճառով կարևոր է, թե ինչպես է այն իրագործվում գործնականում։
Արդարադատության նախարարը նշել է նաև, որ և՛ ԱՄՆ–ն, և՛ եվրոպական մյուս երկրները գրեթե չեն կատարում հանցագործներին արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի հայցերը։ Խոսքը «Ինտերպոլի» «կարմիր ծանուցումների» շրջանակում որոնվող անձանց մասին է։ Կոնկրետ Թուրքիան ուզում է ստանալ և դատել անձանց, որոնք առնչություն ունեն FETO կազմակերպության գործունեությանը, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի համար։
Հիշեցնենք` հուլիսի 12-ին Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան ընդգրկվի Եվրամիության կազմում: Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի հայտի հետ կապված փաստաթղթերը հնարավորինս շուտ ուղարկել Թուրքիայի խորհրդարան։ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հուլիսի 12-ին ասել է` դեռևս հայտնի չէ, թե այդ հայտը երբ կմտնի խորհրդարան, որովհետև ժամկետները չեն հստակեցվել։