ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կնոջ Զ. Գ.-ի (Զարիկ Գևորգյան-խմբ.)՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Դատարանը անվավեր է ճանաչվել 2007 թվականի մայիսի 26-ի «Լոտ 26» հողամասի աճուրդը, իսկ Զ.Գ.-ն պարտավորվել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը:
«Վճիռը բողոքարկվել է վերադաս ատյաններ, սակայն Վճռաբեկ դատարանը 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ վերահաստատել է Դատախազության և ստորադաս դատարանների դիրքորոշումն և անփոփոխ է թողել Դատախազության հայցը բավարարելու մասին դատական ակտը։ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ օրինական ուժի մեջ է մտել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին դատական ակտը»,–նշվում է հաղորդագրությունում։
2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ վերոնշյալ աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերից ևս 3-ը, որոնց օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, ՀՀ–ն կվերադարձվի ևս 8,4 հա հողամաս:
Մնացած աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերը դեռևս գտնվում են Հակակոռուպցիոն դատարանի վարույթում:
Հիշեցնենք, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2018 թվականի սեպտեմբերին։ Նա 2019 թվականին ձերբակալվել է համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։