Սերգեյ Լավրովը առաջնահերթություն է համարում ԼՂ–ում սուր հումանիտար իրավիճակի լուծումը

Սերգեյ Լավրով
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրովի և Միրզոյանի զրույցի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ կարգավորման շահերից ելնելով՝ սկզբունքորեն կարևոր է կենտրոնանալ փոխընդունելի գործնական քայլերի համաձայնեցման վրա: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:
«Այդ համատեքստում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ղարաբաղյան հարցի վերաբերյալ քննարկումների հեռանկարների շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Լավրովը նշել է Լեռնային Ղարաբաղում սուր հումանիտար իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման խնդրի առաջնահերթությունը՝ հաշվի առնելով 2020-2022թթ.–ի բարձր մակարդակով ՌԴ–Հայաստան–Ադրբեջան եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչպես նաև 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հաստատման մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները:
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի առանձին հարցերի, այդ թվում՝ տարբեր մակարդակներում առաջիկա շփումներին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։