Փակ շուկայի մոտի գետնանցումում հենաշարժողական խնդիրներով անձանց համար վերելակ է տեղադրվել

Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հարթակը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։
Sputnik
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում առկա գետնանցումը համալրվել է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված հատուկ վերելակով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ–ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը և կից տեսանյութ հրապարակել։
«Հատուկ հարմարություններ՝ մեր քաղաքը բոլորին հասանելի դարձնելու համար։ Հարթակը կառուցվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Սարքից անվտանգ և ինքնուրույն օգտվելու բոլոր կանոններին կարելի է ծանոթանալ վերելակի մոտ փակցված ուղեցույցի միջոցով»,– գրել է Ավինյանը։
Նա շեշտել է, որ այս տարի նախատեսում են 20 նմանատիպ սարքավորում տեղադրել, ինչը ևս մեկ քայլով Երևանը կդարձնի ավելի հասանելի, ներառական և հարմարավետ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հենաշարժողական խնդիր ունեցող քաղաքացին ինքնուրույն սեղմում և պահում կանչի կոճակը, այնուհետև մոտենում վերելակին, բարձրացնում բռնակը և տեղափոխվում հարթակի վրա։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ անվտանգության ապահովման համար անպայման պետք է իջեցնել բռնակները, այնուհետև սայլակի արգելակները։ Վերելակը մեխանիկորեն է իջնում, քաղաքացին ինքն է կառավարում այն։
Հարթակը հաշվարկված է մոտ 200 կգ քաշի տեղափոխման համար։