Լաչինի միջանցքը Հայաստանի և ԼՂ–ի միջև միակ համաձայնեցված ճանապարհն է. Էդմոն Մարուքյան

Հ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հանգուցալուծման առաջին քայլը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածի կատարումն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Լաչինի միջանցքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ համաձայնեցված ճանապարհն է։ Այս մասին Twitter-յան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա մեջբերել Է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետի տեքստը։
«...Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ կշրջանցի Շուշիին և կմնա ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ։
Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայումը այդ երթուղու պահպանության համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,– գրել է նա:
Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հանգուցալուծման առաջին քայլը հենց վերոհիշյալ` 2020 թվականի նոյեմբերի 9 - ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածի կատարումն է, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվար և հուլիս ամիսների միջանկյալ որոշման կատարումը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։