ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Եվրամիությունը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում վերջերս տեղի ունեցած բախումներից հետո կոչ արել հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել և քաղաքական կարգավորման հասնել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Լիբիացիները հոգնել են խաչաձև կրակի տակ գտնվելուց, նրանք արժանի են, որ խաղաղության հանդեպ իրենց հույսերը վերջապես հաշվի առնվեն և իրագործվեն։ Վերջին իրադարձությունները վառ հիշեցում են Լիբիայում անվտանգության ոլորտում իրավիճակի փխրունության, ինչպես նաև ընտրությունների շտապ անցկացման անհրաժեշտության մասին՝ կայուն և համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու համար», - նշված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի մայրաքաղաքում զինված բախումների հետևանքով մահացածների թիվը հասել է 55-ի, տուժել է 146 մարդ:
Բախումները բռնկվել են Տրիպոլիի հարավային արվարձաններում 444-րդ բրիգադի (Տրիպոլիի ռազմական օկրուգի ստորաբաժանում, որը ենթարկվում է Լիբիայի ազգային միասնության կառավարությանը) և «Զսպող ուժերի» միջև, որոնք մտնում են ներքին գործերի նախարարության կազմի մեջ:
Լիբիայում միմյանց չճանաչող երկու կառավարություն է գործում։ Առաջինը ՄԱԿ-ի աջակցությամբ և Աբդելհամիդ Դբեյբայի գլխավորությամբ գործում է Տրիպոլիում, երկրորդը՝ Ներկայացուցիչների պալատի լիազորություններով օժտված կառավարությունը, տեղակայված է Սիրտում, այն Ֆաթհա Բաշաղայի հեռացումից հետո ժամանակավորապես ղեկավարում է Ուսամա Համադը։ 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան դադարեց գործել որպես միասնական պետություն: Վերջին մի քանի տարիներին առճակատում էր ընթանում Տրիպոլիի իշխանությունների և Արևելքի իշխանությունների միջև, որոնց աջակցում էր Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ։ 2021 թվականին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող լիբիական քաղաքական երկխոսության ֆորումն անցումային գործադիր իշխանություն ընտրեց, մինչև համընդհանուր ընտրություններ կկայանան, որոնք մինչ օրս չեն անցկացվել։