Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը
Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առաջացած ճգնաժամը։ Միրզոյանն այդ մասին գրել է Twitter–ում։
«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով առաջացած հումանիտար աղետը կանխելու հրամայականը։ Շեշտվել է շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը»,– նշել է նախարարը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։