Ժամանակակից պարի միջազգային SUMMEET ամառային երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը։ Այս մասին լրագրողները տեղեկացան այսօր Գյումրիում` Ասլամազյան քույրերի պատկերասրահում։ Կազմակերպիչները հետաքրքիր ձևաչափ էին ընտրել լուրը լրագրողներին հաղորդելու համար` ոչ թե սովորական մամուլի ասուլիս, այլ Balmanukyan Dance Project-ի press-ցուցադրություն (խորեոգրաֆ, բեմադրող՝ Վալերիա Կասպարովա)։
Առաջին երկու օրերին կանցկացվեն հանդիպումներ, վարպետության դասեր, իսկ արդեն օգոստոսի 23-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում փառատոնի բացումը կազդարարվի Ռուսաստանի ժամանակակից պարի թատրոն Kannon Dance Theatre-ի «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա) ներկայացումներով։
«Փառատոնի նպատակը ոչ միայն միջազգային փորձը Հայաստան բերելն է, այլև Հայաստանի տեսանելիությունը ժամանակակից պարի աշխարհում մեծացնելը»,- լրագրողների հետ զրույցում նշեց փառատոնի համահիմնադիր Հայկ Վարդանյանը։
Նա հավելեց, որ փառատոնը միտված է Հայաստանում ժամանակակից պարի ոլորտի զարգացմանը։
Ներկայացումները կցուցադրվեն մայրաքաղաք Երևանի և Գյումրիի բեմերում։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան ներկայացրեց փառատոնի միջազգային ծրագիրը` ընդգծելով, որ այս տարի այն տարբերվում է նախորդներից։
«Ինչքան էլ բարդ լինի` այս տարի յուրահատուկ է լինելու։ Հայաստանից բացի, ներկայացուցիչներ կլինեն երեք երկրներից՝ ՌԴ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից»,– նշեց նա։
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։