Մախաչկալայի բենզալցակայանում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 27-ի

Պայթյուն Մախաչկալայի բենզալցակայանում
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ պատահարի հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Մախաչկալայի բենզալցակայաններից մեկում գրանցված պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 27-ի: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Տուժել է 102 մարդ, որոնցից 27–ը մահացել են», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառայությունների մատուցում, որոնք չեն բավարարում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջները և անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):
Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը հայտարարել է, որ Մախաչկալայում տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզվում են, և կարվի հնարավոր ամեն բան, որպեսզի արդարությունը հաղթի:
Նա հավելել է, որ լուծվելու են նաև սոցիալական հարցերը. համակողմանի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրվել են:
Հիշեցնենք` օգոստոսի 14-ի երեկոյան Մախաչկալայի մայրուղու վրա գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, այնուհետև կրակը տարածվել է բենզալցակայանում, ինչից հետո պայթյուն է որոտացել:
Ամենամահաբեր հրդեհների հետևանքները Հավայան կղզիներում. 93 զոհ և 6 մլրդ դոլարի վնաս