ԵՄ դիտորդների ուղղությամբ չեն կրակել. առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ–ի հաղորդագրությունը

ԵՄ առաքելության մեքենան
Նշվում է, որ իրենք ռազմական զարգացումների, այդ թվում՝ իրենց պատասխանատվության գոտում կրակոցների մասին զեկուցում են Բրյուսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը Վերին Շորժայի հատվածում կրակել է դիտորդություն իրականացնող ԵՄ պարեկների ուղղությամբ։
«Դիտորդություն իրականացնող ԵՄ ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ իրենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում և ռազմական զարգացումների, այդ թվում՝ իրենց պատասխանատվության գոտում կրակոցների մասին զեկուցում են Բրյուսել։
Հավելենք, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության` օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: