ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ըստ ՄԻՊ աշխատակազմ ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
«Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի` Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ և ֆունկցիոնալ խանգարումներով)... ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիա, անեմիա, սեպտիկ վիճակ, աջակողմյան հիդրոթորաքս, քրոնիկական թերսնվածություն»»,– մասնավորապես նշված է փորձաքննության եզրակացության մեջ։
Նա հիշեցնում է, որ արդեն 8 ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքներն առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական վիճակի վրա։
Պաշտպանը շեշտում է, որ պարենային աղետալի իրավիճակը և դրա հետևանքով անձանց թերսնուցումը, սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար։
40-ամյա արցախցին մահացել է քրոնիկ թերսնուցման հետևանքով
Արցախի ՄԻՊ–ն իր գրառմանը կից հրապարակել է նաև թերսնուցման հետևանքով մահացած տղամարդու մարմնի լուսանկարները։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ X–ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում տարածել է Արցախի ՄԻՊ–ի գրառումը, հրապարակված սարսափելի լուսանկարները, դիմել միջազգային հանրությանը`միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։
«Մենք արդեն 8 ամիս է, ինչ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը կանգնեցնելու համար…»,– գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։