ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժածները Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել գիշերը մոտ 1։40–ի սահմաններում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով` իրենց ԲԿ են տեղափոխվել 6 տուժածներ, նաև մահացածներ։
«Բոլորը տարբեր տեսակի և բնույթի վնասվածքներով են, վիճակները գնահատվել են ծայրահեղ ծանր», – նշեց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ հիվանդներից մի քանիսը թերևս հենց առաջիկա ժամերին այլ բուժկենտրոններ կտեղափոխվեն։ Ովքեր մասնագիտացված բուժօգնության կարիք ունեն, կտեղափոխվեն համապատասխան հիվանդանոցներ։ Ում վիճակն էլ կայունանա, կտեղափոխվի արդեն Երևան` ըստ բնակության վայրի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ԲԿ հոսպիտալացված 6 տուժածներից 1-ը տեղափոխվել է Երևանի «Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք, ևս մեկին այսօր առավոտյան են տեղափոխել մայրաքաղաքի բուժկենտրոններից մեկը։ Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ` շտապօգնության երկու մեքենա էլ սպասում էին ևս 2 հիվանդի տեղափոխման։
Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։