Ուկրաինայի ԱԳՆ–ն հաստատել է ՀՀ–ում ուկրաինացի դիվանագետի մահվան լուրը

Արխիվային լուսանկար
Գերատեսչությունը խորին ցավակցություն է հայտնել Ալեքսանդր Սենչենկոյի հարազատներին և մերձավորներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի մահվան լուրը։ Տեղեկությունը հայտնում է երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է 2023 թվականի օգոստոսի 13-ին փորձառու և բարձր որակավորում ունեցող դիվանագետ, ՀՀ–ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Անատոլիի Սենչենկոյի ողբերգական մահվան մասին։ Ուկրաինայի ԱԳՆ–ն խորին ցավակցություն է հայտնում հանգուցյալի հարազատներին և մերձավորներին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ալեքսանդր Սենչենկոն ԱԳՆ-ում իր աշխատանքը սկսել է 2003 թվականից։ Իր դիվանագիտական կարիերայի ընթացքում նա աշխատել է նախարարության աշխատակազմում տարբեր պաշտոններում։