Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «ՁորաՀԷԿ»-ի գործով

Սեյրան Օհանյան
Դադարեցվել է նաև քրեական հետապնդումը Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի անդամների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «ՁորաՀԷԿ»-ի քրեական գործով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն ապացուցված է համարել այն փաստը, որ Սեյրան Օհանյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։
«Դադարեցվել է նաև քրեական հետապնդումը Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի անդամների նկատմամբ, բայց գործն ամբողջությամբ չի կարճվել»,– ասել է նա։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:
Սեյրան Օհանյանի, Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ու մի շարք այլ պաշտոնյաների մեղադրանքները վերաբերում են Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ–ի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով հարուցված քրեական գործին։
Այն անջատվել էր բուն գործից, քննվել առանձին վարույթով ու ուղարկվել դատախազություն։