ՌԴ–ն կարևոր դեր է ստանձնել խաղաղության ապահովման գործում. ակցիա դեսպանատան մոտ

Ակցիայի մասնակիցներն իրենց դիրքորոշումը նամակի տեսքով հանձնեցին Ռուսաստանի դեսպանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը` որպես շրջափակում տեսած և դրանից տուժած պետություն, պետք է շատ լավ գիտակցի ու պատկերացնի դրա անթույլատրելիությունը։ Այսօր Երևանում ՌԴ դեսպանատան առջև ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկը։ Նա զուգահեռներ անցկացրեց արցախյան շրջափակման և 1940–ական թթ. Լենինգրադի սարսափելի պաշարման միջև։
«Անընդունելի է, որ ռուսական ուժերի վերահսկողության ներքո արցախահայությունը 21-րդ դարում ենթարկվում է նույնատիպ պաշարման և ցեղասպանության»,– նշեց նախաձեռնության անդամը։
Նա շեշտեց` Ռուսաստանն ինքնակամ կարևոր դեր է ստանձնել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Արցախում վերահսկողություն ստանձնելու գործում։ Նախաձեռնության անդամները մտահոգություն են հայտնում Արցախում Ռուսաստանի դերի վերաբերյալ` հիշեցնելով Լաչինի միջանցքի շրջափակումը, Բերձոր, Աղավնո և Սոս գյուղերի հայաթափումը, անգամ հումանիտար բեռների անցման համար ստեղծված արգելքները և այլն։
Նախաձեռնության անդամները պահանջում են, որ Ռուսաստանը նպաստի ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի գումարմանը և ապահովի ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը։
Նրանք իրենց դիրքորոշումը նամակի տեսքով հանձնեցին դեսպանությանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։