Խոզերի աֆրիկյան ժանտախտի ակտիվացում Արցախում. 50 կենդանի է ոչնչացվել

Խոզ
Հիվանդության օջախները ոչնչացվել են, սակայն կարևոր է, որ մարդիկ իրազեկված ու զգոն լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հայտնաբերվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության երկու օջախ, շուրջ 50 վարակված խոզ է ոչնչացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը։
Նա նշեց, որ հիվանդության օջախները հաստատվել են անասնաբուժական լաբորատորիայի կողմից։
«Տվյալ օջախներում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ։ Կենդանիները անարյուն եղանակով ոչնչացվել են և թաղվել։ Տարածքը և հարակից հատվածները մանրակրկիտ ախտահանվել են։ Ֆերմերներին ասվել է, որ կա հիվանդությունը, որպեսզի պարբերաբար ախտահանություն իրականացվեն, այլ մարդկանց չթողնեն իրենց տնտեսություն»,–ասաց Գևորգյանը։
Պաշտոնյայի խոսքով` ոչնչացված կենդանիների թիվն իրականում այնքան չէ, որ մեծ վնաս համարվի, բայց հարկավոր է զգոն լինել, որպեսզի հիվանդությունը չտարածվի։
«Վարակը, վիրուսային հիվանդությունը և տարածումը շատ արագ է ընթանում, սակայն մարդու համար այն վտանգավոր չէ, զուտ տնտեսական վնաս է կրում։ Դրա համար պետք է, որ ֆերմերները հետևեն անասնաբուծության պարտադիր պահանջներին։ Քանի որ վարակի աղբյուրը աղտոտված կերն է, վարակված տզերի խայթոցները, վարակված խոզերի հետ ուղիղ անմիջական շփումը, վայրի խոզերը, ինչպես նաև վարակը կարող է փոխանցվել վարակված խոզերի հյուսվածքներով, արյան, մեզի, կղանքի, ինչպես նաև արյունով աղտոտված իրերի միջոցով, խոզերի բուծումը պետք է իրականացվի փակ եղանակով (անասնաշենքում և կից մեկուսացված տարածքում` բացառելով կենդանու տեղափոխումն արոտավայր. խմբ)։ Պետք է լինեն ախտահանիչ նյութերով սարքած վաննաներ, որտեղ ֆերմերը պետք է ախտահանվի մտնելիս և դուրս գալիս»,– նշեց մեր զրուցակիցը։
Գևորգյանն ընդգծեց, որ միսը շուկա է մտնում միայն անասնաբուժական տեղեկանքի միջոցով, հետևաբար նա բացառում է վարակված խոզի մսի վաճառքը, բայց նաև հիշեցնում է, որ վարակված խոզի մսից հոտ է գալիս և այդ միսը տարբերվում է։
Հատկապես պատերազմից հետո Արցախում շատերն են զբաղվում անասնապահությամբ, և խոզաբուծությունն էլ ակտիվ ճյուղերից է, ուստի Գևորգյանը կարևոր է համարում, որ մարդիկ իրազեկված ու զգոն լինեն, կանխարգելիչ քայլեր իրականացնեն։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։