Հեմոդիալիզ ստացող բուժառուներից 12-ը հրաժարվել են մեկնել Արցախից

Հանրապետական բժշկական կենտրոն
Շուրջ երկու շաբաթվա ընթացքում Արցախում կվերջանան հեմոդիալիզի համար անհրաժեշտ բժշկական պարագաները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հեմոդիալիզ ստացող բուժառուներից 12-ը հրաժարվել են մեկնել Արցախի Հանրապետությունից։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ երկրի առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Բժշկական պարագաների ավարտից շուրջ 1 շաբաթ անց այդ հիվանդները կարող են մահանալ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից 19-ին ԿԽՄԿ–ն վերջին օրերին տարհանել է Հայաստան։ Բոլորին առաջարկվել է տարհանման հնարավորությունը, սակայն 12-ը հրաժարվել են, ևս 10-ի տարհանումը տեղի կունենա վաղը։

«Մենք ստիպված ենք գնացել հիվանդներին տարհանելու քայլին, քանի որ շուրջ 2 շաբաթվա ընթացքում կվերջանան հեմոդիալիզի համար անհրաժեշտ բժշկական պարագաները: Հեմոդիալիզի հնարավորության բացակայության պայմաններում հիվանդների օրգանիզմում կտրուկ կերպով կբարձրանա ազոտի մակարդակը՝ միջինը մոտ 1 շաբաթից անխուսափելիորեն հանգեցնելով նրանց մահվան: Արցախի լիակատար պաշարումը ազդել է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում գտնվող մարդկանց կյանքի վրա»,– ասել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Քրիստինե Ավագիմյանը:

Նա ընդգծել է, որ այդ հիվանդների համար բացակայում է նաև հատուկ սննդակարգին հետևելու հնարավորությունը, ինչը լրացուցիչ վտանգներ է առաջացրել նրանց կյանքի ու առողջության համար։
«Ես պառկած հիվանդ եմ, խնամակալ ունեմ տանը: Ես էլ եմ ուզում ապրել, ինձ նմաններն էլ են ուզում ապրել: Խնդրում եմ, որ աշխարհը օգնի ղարաբաղցիներին, օգնի դիալիզ ստացող և մնացած ծանր հիվանդներին ոտքի կանգնել: Ես այս դրությամբ չեմ կարող գնալ Երևան բուժման նպատակով, որովհետև ես ուզում եմ գամված սայլակին մեռնել Արցախում և թաղվել իմ գերեզմանոցում»,- նշել է 64-ամյա Վերա Հովսեփյանը, որը շաքարային դիաբետի հետևանքով կորցրել է տեսողությունը, չի կարողանում քայլել և 5 տարի շարունակ հեմոդիալիզ է ստանում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։