Հայերը Լոս Անջելեսում բողոքի ակցիան են իրականացնում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց

Լոսանջելեսաբնակ հայերն ի պաշտպանություն Արցախի ակցիան այսօր շարունակել են Ադրբեջանի հյուպատոսության դիմաց։
Sputnik
Արթուր Սահակյան օգտատերն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացնում է, թե ինչ է կատարվում այնտեղ։
Տեսանյութում երևում է, որ բազմամարդ ակցիայի մասնակիցները նաև հայրենասիրական երգեր են երգել ու պարել` Արցախի դրոշն ուսերին գցած։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկահայերը մի քանի օր շարունակ անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի: Նրանք փողոցներ են փակել, ինչպես նաև նստացույց արել Շիֆի գրասենյակի մոտ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Լաչինի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ Շիֆը համաձայնել է հանդիպել բողոքի ակցիա անող ամերիկահայերի հետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։